Քնի խանգարումը կամ անքնությունը (ինսոմնիա) ընդհանուր հասկացություն է, որը ենթադրում է վատ քուն, քնի պահպանման խնդիրներ և շուտ արթնացում։ Արդյունքում քնի ժամանակ մարդը չի կարողանում լիարժեք վերականգնել ուժերն ու աշխատունակությունը, ինչը նվազեցնում է կյանքի որակը։ Այս կամ այն աստիճանի քնի խանգարում լինում է մեծահասակ բնակչության գրեթե կեսի մոտ, սակայն միայն 9–15%-ի մոտ է նման խնդիրը կլինիկական նշանակություն ունենում։ Տարեցների մոտ քրոնիկ անքնությունն առավել հաճախ է հանդիպում, քան երիտասարդների մոտ՝ ավելի քան 55% դեպքերում։
Քնի ցանկացած խանգարման դեպքում մարդը նշում է հոգնածություն, ուշադրության կամ հիշողության նվազում, դեպրեսիա, կենսական ակտիվության նվազում։
Քնի խանգարման տեսակները
Ըստ քնի խանգարման պատճառի՝ տարբերում են առաջնային և երկրորդային անքնություն։ Առաջնային անքնության ախտորոշման դեպքում քնի խանգարման օրգանական, հոգեկան, նյարդաբանական պատճառներ չեն հայտնաբերվում։ Երկրորդային անքնությունը տարբեր հիվանդությունների, դեղերի ընդունման կամ անբարենպաստ արտաքին պայմանների հետևանք է։
Քնի խանգարումները կարող են լինել սուր (անցողիկ), կարճաժամկետ (մինչև 6 ամիս) և քրոնիկ (կես տարուց ավել)։ Քնի սուր խանգարում կարող է առաջանալ յուրաքանչյուրի մոտ` սթրեսի ազդեցությամբ, գերգրգռվածության պատճառով կամ ժամային գոտու փոփոխության հետ կապված։Քրոնիկ անքնություն զարգանում է վերջինիս նկատմամբ նախատրամադրվածություն ունեցող մարդկանց մոտ, որոնք հատկապես արտահայտված են տարեցների, կանանց մոտ, նաև մարդկանց, ովքեր այս կամ այն պատճառով օրական քնում են 5 ժամից ավելի պակաս: Այդ թվում են նաև մարդիկ, ովքեր երկար ժամանակ աշխատանք չունեն, ամուսնալուծված են, տարել են հոգեբանական և հոգեկան տրավմաներ, տառապում են քրոնիկ հիվանդություններով և այլն։
Քնի խանգարման հնարավոր պատճառները
Քնելու դժվարությունը հիվանդների ամենահաճախ հանդիպող գանգատն է։ Պառկելիս քնելու ցանկությունը տարբեր պատճառներով անհետանում է։ Դրանք կարող են լինել տհաճ մտքերը և հիշողությունները, ոտքերի անհանգստության հետևանքով հարմար դիրք գտնելու անկարողությունը, ցավը կամ քորը, կողմնակի ձայները։ Թեթև քնկոտությունը խանգարվում է նույնիսկ նվազագույն աղմուկի դեպքում, իսկ քնելուց հետո երբեմն համարում է, որ «ոչ մի րոպե չի քնել»։
Քնի դժվարացման պատճառները բազմաթիվ են, մասնավորապես՝ անբավարար հոգնածությունը, երկարատև անկողնում գտնվելը, անկանոն քունը, տագնապը, քոր և ցավ առաջացնող հիվանդությունները և այլն։
Հաճախ հանդիպող գանգատներից է ստորին վերջույթների տհաճ զգացողությունը (կարծես մրջյուններ են սողում, դող, ծակծկոց, այրոց, ջղաձգում), որը ստիպում է անընդհատ փոխել ոտքերի դիրքը (անհանգիստ ոտքերի համախտանիշ)։ Ախտանիշները զգալիորեն թուլանում կամ լիովին անհետանում են շարժումների ժամանակ։ Լավագույն ազդեցություն հաճախ թողնում է սովորական քայլքը կամ պարզապես կանգնելը։
Վերջին ժամանակները մեծացել է այն հիվանդների թիվը, որոնց մոտ քնի խանգարումներ առաջացել են երեկոյան ժամերին գրգռող ըմպելիքի ընդունման հետևանքով (թեյ, սուրճ, էներգետիկներ), ինչպես նաև դեղերի (կոֆեին, հոգեխթանիչներ, որոշ հակադեպրեսանտներ, նեյրոլեպտիկներ) չարաշահման պատճառով։
Քնի պահպանման խնդիրները հիմնականում դրսևորվում են հաճախ արթնացումներով, որոնցից հետո դժվարացած է նորից քնելը, ինչպես նաև «մակերեսային քնի» զգացողություններով։ Արթնանալու պատճառները ամենատարբեր են (երազներ, վախեր, մղձավանջներ, շնչառության խանգարումներ, սրտխփոցներ, միզարձակման կանչեր)։
Հաճախ քրոնիկ անքնությունը կարող է լինել նյարդաբանական և հոգեկան հիվանդությունների ախտանիշ։
Վատ քնի գանգատները բնորոշ են կաթվածով, դեմենցիայով, Պարկինսոնի և Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդկանց։ Այնպիսի հոգեկան հիվանդությունները, ինչպիսիք են դեպրեսիան, շիզոֆրենիան, տագնապային-մանիակալ վիճակները, նույնպես ուղեկցվում են քնի խանգարումներով։
Շատ դեպքերում գիշերը հաճախ արթնանալը կապված է քնի ապնոէի համախտանիշի հետ։ Այս շնչական խանգարումներն առաջանում են խռմփոցի ժամանակ ներշնչելիս ըմպանային օղի փափուկ հյուսվածքների անկման հետևանքով և բնորոշվում են շնչառության կարճատև կանգով, որն ուղեկցվում է արյան մեջ թթվածնի մակարդակի նվազմամբ և քնի ընդհատմամբ։
Ցիրկադային ռիթմի խանգարումը գրեթե միշտ բերում է քրոնիկ անքնության։ Այսպիսի իրավիճակ առաջանում է հերթափոխային աշխատանքի ժամանակ, ինչպես նաև երեկոյան ժամերին հեռուստացույցի կամ համակարգչի մոտ երկար նստելուց հետո։ Երեկոյան և գիշերային ժամերին էկրանների կապույտ լույսի ավելցուկը պայմանավորում է դեսինքրոնոզը, որն էլ քնի խանգարման պատճառ է դառնում։
Հաճախակի արթնացումները կարող են լինել սիրտ-անոթային (առիթմիաներ, զարկերակային գերճնշում), թոքային (թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններ), ոսկրամկանային (արթրիտներ, ռևմատիզմ), միզասեռական (պրոստատիտ, անմիզապահություն) և էնդոկրին հիվանդությունների հետևանք։
Առավոտյան վաղ արթնացման խնդիրներ դիտվում են տարեցների, դեպրեսիվ խանգարումներով և խուճապային գրոհներով տառապող մարդկանց մոտ։ Որպես կանոն, քունն ընդհատվում է առավոտյան ժամը 4-5-ը և այլևս չի վերականգնվում։ Արթնանալուց անմիջապես հետո հիվանդները նշում են բացասական մտքերի գրոհ։ Առավոտյան և օրվա ընթացքում նրանք գանգատվում են «կոտրտված» վիճակից, աշխատունակության անկումից, մշտական քնկոտությունից։